Մեղուներ
Մեղատու մեղուն թաղանրավորների կարգի մեղվանմաններ իընտանիքի մեղուների ցեղի միջատ է։ Մեղուները մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից պատրաստում են մեղրը։ Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները և ընտելացրել մեղուներին։ Սրանք գրեթե ընտանի են և ապրում են մեղվանոցներում՝ փեթակների մեջ (վայրի մեղուներն ապրում են փչակներում, քարայրերում և ժայռերի ծերպերում)։ Մեղրը ստանում են փեթակում եղած մոմեղեն բջիջներից՝ մեղրահացից (մոմահաց)։ Միայն 1 փեթակից ստացվում է մինչև 20–25 կգ մեղր։ Մեղվաընտանիքը կենսաբանական ամբողջություն է, որտեղ բոլոր անհատները փողկապված են և ընդունակ չեն ինքնուրույն գոյության։ Բաղկացած է 1 մայր մեղվից, 60–80 հզ. աշխատավոր մեղուներից և մի քանի հարյուր (երբեմն՝ հազար) բոռերից։ Աշխատավոր մեղուն ապրում է 26–40 օր։ Ձմռանը մեղուները չեն քնում և սնվում են իրենց պատրաստած մեղրով։ Այդ նպատակով էլ մեղրը քամելիս մեղվապահը մեղուներին ձմռան պաշար է թողնում։ Բացի այդ, մեղրահացերում են աճում թրթուրները՝ ապագա մեղուները։ Հասուն մեղուները նրանց ևս կերակրում են մեղրով ու ծաղկափոշիով։ Հետաքրքրական է, որ հատուկ ազդանշանային համակարգի օգնությամբ մեղուները կարող են միմյանց հայտնել իրենց գտած մեղրատու բույսի տեղը։ Աշխատավոր մեղուների միջև աշխատանքի խիստ բաժանում կա. մի մասը նեկտար ու ծաղկափոշի է հայթայթում և բերում փեթակ, մյուսները վերցնում են այն և լցնում մեղրահացերը, երրորդները մաքրում են մեղրահացերը, չորրորդները թևերով օդափոխիչի նման օդափոխում են փեթակը, հինգերորդները պահակ են կանգնում փեթակի մուտքի մոտ, վեցերորդները կերակրում են թրթուրներին։ Միայն մայր մեղուն է, որ ոչ մի աշխատանք չի կատարում, և դեռ ինքն է մշտական հոգատարություն պահանջում։ Սակայն նա միակն է, որ փեթակում ձվեր է դնում։ Սեռահասուն է դառնում մայրաբջջից (որը հյուսում են աշխատավոր մեղուները) դուրս գալուց 5–7 օր հետո և ապրում 5 տարի։ Առավել արդյունավետ է մինչև 2 տարեկան մայր մեղուն։ Բոռերը նույնպես միայն մեկ պարտականություն ունեն՝ բեղմնավորում են մայր մեղվին։